38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գողական ոճն ու օրենքով գողն այսօր դարձել են կուռք, ընդօրինակման առարկա

Գողական ոճն ու օրենքով գողն այսօր դարձել են կուռք, ընդօրինակման առարկա
03.02.2009 | 00:00

ՀԵՌՈՒՍՏԱԶԻԲԻԼ
Հայտնի ճշմարտություն է՝ հեռուստատեսությունը կոչված է բարձրացնելու հասարակության գեղագիտական մակարդակը, սակայն այն, ինչ այսօր ցուցադրվում է հեռուստաեթերում, չափազանց հեռու է «ճաշակ» և «որակ» հասկացություններից։ Վերջին ամիսներին եթերը գրավել են բազմաբնույթ հայկական սերիալները, որոնց պարտադիր բաղկացուցիչներից են ծեծուջարդը, փողոցային ժարգոնը, արյունոտ տեսարանները։ Սինչդեռ հեռուստատեսության դերի և հանրային գիտակցության վրա վերջինիս ազդեցության մասին բոլորը գիտեն։ Ավելին, ակնհայտ է, որ եթերը ոչ միայն տեղեկատվական առաքելություն պետք է ունենա, այլև կրթադաստիարակչական։ Խորհրդային ժամանակների պետական քարոզչամեքենան այսօր գոյություն չունի, ձևավորված չէ ազգային գաղափարախոսություն, որը կառաջնորդեր, կկողմնորոշեր և կուղղորդեր հանրությանը։ Այս անորոշությունը գալիս են լրացնելու ցածրորակ, արվեստից զուրկ, երբեմն գռեհիկ հեռուստահաղորդումները` ավերելով հասարակության, մասնավորապես երիտասարդների և պատանիների հոգիները։
Հոգեբանների ուսումնասիրությունների համաձայն՝ կապույտ էկրանից հեռարձակվող ցանկացած արտադրանք ենթագիտակցության վրա ազդելու նպատակ է հետապնդում։ Հետևաբար, այդ ներգործությունը չի կարելի կամ շատ դժվար է գիտակցաբար կանխարգելել, հատկապես, երբ գործ ունենք երեխաների ու դեռահասների հետ։ Իհարկե, հակված չենք կարծելու, թե հեռուստաընկերությունների ղեկավարներն ու սերիալների հեղինակները միտումնավոր են փորձում խեղել երեխաների և հասարակության արժեհամակարգը, սակայն մեծ լսարան ու եկամտաբեր գովազդներ ձեռք բերելու գայթակղությունն անում է իր ավերիչ գործը։
Ցավոք, Հայաստանում այսօր կա հանցագործներին ռոմանտիզացնելու, դրական լույսի ներքո հրամցնելու միտում։ Գողական ոճն ու օրենքով գողը դարձել են կուռք, ընդօրինակման առարկա, ժարգոնը ներթափանցել է մեր բառապաշար, ուստի պատահական չէ, որ հատկապես պատանիները փորձում են կրկնօրինակել քրեական տարրերին, նրանց գայթակղում են ֆիլմերում անաշխատ եկամուտով ձեռք բերվող շքեղ առանձնատներն ու մեքենաները։
Ճի՞շտ է, արդյոք, անբովանդակ հաղորդումների ու շոուների առատությունը պայմանավորել հասարակական պահանջարկով։ Գուցե հակառա՞կը. հասարակությա՞նն է պարտադրվում դիտել ցածրաճաշակ հեռուստատեսային արտադրանք, որին լսարանն ընտելանում է՝ չունենալով ընտրության հնարավորություն։ Բնական է, հեռուստատեսությունը գտնվում է անցումային փուլում, ինչը ցանկացած պետության զարգացման ճանապարհին հանդիպող ժամանակավոր երևույթ է։ Սակայն սա արդարացում չէ, և խնդիրն էլ, անշուշտ, պետական վերահսկողության խիստ կարիք ունի։ Թեև հարկ է նկատել, որ պետությունն իրավական և օրենսդրական լծակներ չունի` մասնավոր ալիքներին քաղաքականություն պարտադրելու համար։
Եթերային լեզուն անաղարտ պահելու մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանից հեռուստաէկրանից հնչող հայերենն ամենևին էլ գրական չի դառնում։ Հիշեցնենք, որ հայերենի՝ պետական լեզու լինելու կարգավիճակն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ լեզվաքաղաքականության հիմնադրույթները սահմանված են «Լեզվի մասին» ՀՀ օրենքով։ Հայոց լեզուն հեռուստաեթերում աղավաղվում է անընդհատ, հնչում են հասարակաբանություններ, գռեհկաբանություններ, հայերենը հաճախ հնչում է օտար շեշտադրությամբ։ Գովազդային հոլովակները մատուցվում են սխալներով՝ այդպիսով գովազդելով ոչ ճիշտ հայերենը։ Բազմաթիվ գովազդային հոլովակներ, որոնք նախատեսված չեն երեխաների համար, ցուցադրվում են ցերեկային ժամերին, գովազդների ձայնն ավելի բարձր է, քան հաղորդումներինը։ Հոլովակները ցուցադրվում են նախատեսվածից շատ՝ անհարկի ընդմիջելով ծրագրերը։
Այս ամենի մասին մասնագետներն ահազանգում են, սակայն պատասխան քայլեր, այնուամենայնիվ, չեն ձեռնարկվում։ Մի բան ակնհայտ է. եթե անբովանդակ ու անմակարդակ հաղորդումների և սերիալների ցուցադրությունը նույն ոգով ու ոճով շարունակվի, ապագա սերունդների դաստիարակության հարցում շատ ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3754

Մեկնաբանություններ